Ամերիկաչինական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել Հյուսիսային Կորեայի շուրջ աճող լարվածության համապատկերում: Վաշինգտոնն ու Պեկինը Փhենյանի գործոնն օգտագործում են ռազմավարական հարցերում երկխոսություն հաստատելու համար: Սեպտեմբերին Պեկինը ամբողջությամբ սառեցրեց հեղուկ բնական գազի մատակարարումները ԿԺԴՀ: Իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակումներ է մտցնում նավթի ու նավթամթերքների մատակարարումներում` հաղորդում է ВВС-ին: Արդյունքը երկար սպասել չտվեց` անցած երկու ամսում Փhենյանում բենզինի գինը բարձրացել է 20 %-ով` ճշտում է France-Presse-ը: ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ սեպտեմբերի 12-ի բանաձևի համաձայն` Չինաստանը կարող է Հյուսիսային Կորեա արտահանել տարեկան երկու միլիոն բարել նավթից ոչ ավելի: Համեմատության համար` 2016-ին հյուսիսկորեացիները Չինաստանից ներմուծել են 2,2 միլիոն բարել նավթ: Չինացիները նաև խոստացել են արգելել ԿԺԴՀ-ից տեքստիլ արտադրանքի ներմուծումը, որ ամեն տարի Փhենյանին ապահովում էր 700 միլիոն դոլարի եկամուտ: Ի՞նչ է հետո լինելու: Վաշինգտոնն ու Պեկինը մշակում են հարաբերությունների զարգացման ռազմավարություն առաջիկա հիսուն տարվա համար, որ վկայում է երկու երկրների ուղեղային կենտրոնների համաժողովը Կոլումբիայի համալսարանում սեպտեմբերի 26-ին` 200 քաղաքական գործիչների, բիզնեսմենների, գիտնականների մասնակցությամբ: Համաժողովի նշանաբանն էր ՙԱՄՆ-ի ու Չինաստանի համալսարանների ներկայացուցիչներ. ՈՒղեղային կենտրոնների համաժողով` հարաբերությունները հաջորդ հիսուն տարում՚:
Չինաստանի իշխող էլիտան ներկայացնում էր ՉԺՀ պետական խորհրդի փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Լյու Յանդունը, ԱՄՆ-ը` նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
«ԱՄՆ-ին ու Չինաստանին չափազանց անհրաժեշտ է միասին աշխատել` մեր հարաբերությունները պրագմատիզմից ու ամենօրյա խնդիրների լուծման մակարդակից հայեցակարգային նոր մակարդակի բարձրացնելու համար: Դա թույլ կտա ստեղծել համաշխարհային աշխարհակարգի նոր, համընդգրկուն հայեցակարգ, որը կնպաստի խաղաղությանն ու մարդկության առաջընթացին, որ արդեն դրսևորվում է կորեական հարցում մեր համատեղ գործողություններում»` հայտարարեց Հենրի Քիսինջերը համաժողովի բացմանը` հիշեցնելով, որ 46 տարի առաջ Չինաստան իր առաջին այցից հետո հարյուր անգամ եղել է այդ երկրում: Հետաքրքիր ուղերձ է, չէ՞: ԽՍՀՄ-ի հետ անգամ լավագույն հարաբերությունների տարիներին ԱՄՆ-ի դիվանագետները նման ձգտումներ չունեին: Քիսինջերը բացատրում է պատճառը: «Երբ Չինաստանն ու ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, պատճառը ռազմավարական էր` պետք էր պահպանել արժեթղթերի ամերիկյան շուկան»: Նրա խոսքով` Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնությունը կնպաստի ՙծանրության համաշխարհային կենտրոնը Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս տեղափոխելուն՚: ՙԱհա ինչու մեզնից շատերը ԱՄՆ-ին կոչ էին անում միանալ Ենթակառուցվածքների ասիական ներդրումային բանկին, երբ Չինաստանը դա առաջարկեց՚` եզրափակում է Քիսինջերը, իսկ նրա խոսքերը մեջբերում է China Daily-ն:
Kissinger Associates-ի նախագահը վստահ է, որ «ԱՄՆ-ը և Չինաստանը ոչ միայն պիտի անվտանգության համատեղ հայեցակարգ որոնեն, այլև երկու մեծագույն հանրությունների համատեղ էվոլյուցիայի հայեցակարգ, որ կարող են կողք կողքի գոյատևել, երբեմն տարբեր նպատակներ ունենալով, բայց միավորվելով ի պաշտպանություն ընդհանուր պահանջների ու հնարավորությունների, որ XXI դարի հրամայականն է»: «Մեր նպատակն է գտնել ընդհանուր հայտարարը ամերիկյան բացառիկության և «չինական երազանքի», որ թույլ կտա նոր աշխարհակարգ ստեղծել հանուն բոլորի բարեկեցության»` ընդգծել է Հենրի Քիսինջերը, ճշտելով, որ «Չինաստանը իր պատմական նպատակին հետամուտ է արդեն երկու հարյուր տարի և բոլոր մարդիկ, որ ականատես են եղել ՉԺՀ-ի զարգացմանը մեկ սերնդի կյանքում, չեն կասկածում, որ երկիրը կհասնի իր երազանքին»: Լյու Յանդունը աջակցել է նրան ու շնորհակալություն հայտնել չին-ամերիկյան հարաբերություններում հատուկ ներդրումի համար: «Միայն մարդկանց միջև դրական էներգիայի մշտական ազատագրումը, Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև մշակութային փոխանակումները, որ կամրապնդեն ժողովուրդների փոխըմբռնումը և բարեկամությունը, կնպաստեն երկու երկրների հասարակական կարծիքի բարեկամական տոնին, չին-ամերիկյան հարաբերությունները կզարգանան կայուն ու երկարաժամկետ»: Ընդլուսնյայի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում ոչ միայն արտաքին քաղաքականության վետերան Հենրի Քիսինջերը, այլև ԱՄՆ նախագահի նախկին օգնական Սթիվեն Բենոնը, որ արտահայտում է իշխող էլիտայի հակաչինական տրամադրությունները: Հոնկոնգի South China Morning Post-ը սեպտեմբերի 22-ին հաղորդել է, որ Բենոնը Պեկինում ժամուկեսանոց փակ հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի նախագահ, քաղբյուրոյի անդամ Վան Ցիշանի հետ, մանրամասները չեն հրապարակվում: Թեպետ հասկանալի է, որ կողմերը քննարկել են տնտեսությանը (ավելի վաղ Բենոնը մասնակցել էր ներդրումային համաժողովի Հոնկոնգում) և հոկտեմբերի 18-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության XIX համագումարին վերաբերող հարցեր, որի ժամանակ պետք է վերընտրվի ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը: «Մեծ երկյակը» ռեալ գծագիր է ձեռքբերում:
Սարգիս ԾԱՏՈՒՐՅԱՆ, REGNUM
Հ.Գ. Խորապես կսխալվեն բոլոր նրանք, որ կմտածեն Չինաստանը ՙգցեց՚ Մոսկվային: Բնավ: Պեկինը իր գինը կարողանում է բարձր պահել` միաժամանակ ծրագրեր կազմելով ու իրականացնելով միմյանց հետ հակասություններ ունեցող պետությունների հետ և իրեն վերապահելով հաշտարարի ու արբիտրի դեր: Տնտեսությունը և քաղաքական կշիռը այդ իրավունքը տալիս են` Չինաստանի կարիքը բոլորն ունեն, քանի դեռ Պեկինը ներդրումներ է անում և իր տնտեսության հետ` նպաստում համաշխարհային տնտեսության զարգացմանը: Առավել ևս, որ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, Չինաստանը որևէ ռազմական կոնֆլիկտի խառնված չէ ու իր ցանկացած արդյունքին ձգտում է հասնել տնտեսական ճանապարհով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ